Ուրբաթ, 29.03.2024, 13:05Главная | Регистрация | Вход

Меню сайта

Մուտքի ձև

Օրացույցь

«  Ապրիլ 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈՒրբՇբթԿրկ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Մեր հարցումները

ԸՍՏ ՁԵԶ ՈՎ ՊԵՏՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎՐԱՏԵՍԻԼ 2013 -ՈՒՄ ?
Բոլոր պատասխանները: 503

Զրուցարան

Վիճակագրություն


Օնլայն են 1
Հյուրեր 1
Մասնակիցներ 0
Главная » 2012 » Ապրիլ » 16 » ՔԱՂԱՔՆԵՐԻ ԾԱԳՈՒՄՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀՆԱԳՈՒՅՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ XX ԴԱՐԻ ՍԿԶԲՆԵՐԸ
18:49
ՔԱՂԱՔՆԵՐԻ ԾԱԳՈՒՄՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀՆԱԳՈՒՅՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ XX ԴԱՐԻ ՍԿԶԲՆԵՐԸ

Դժվար է ասել, թե հայ ժողովրդի բնօրրանում՝ Հայկական լեռնաշխարհում, երբ են առաջացել առաջին քաղաքները։ Համենայն դեպս հայտնի է, որ դեռևս III–II հազարամյակներում (մ. թ. ա.) այստեղ ձևավորված ցեղային միությունների տարածքում՝ Միտանիում, Հայասա–Ազզիում, Նաիրյան երկրներում և դրանց հաջորդած մյուս ցեղային-պետական միավորումներում արդեն գոյություն ունեին տասնյակ բերդեր ու բերդաքաղաքներ, որոնք ցրված էին երկրի տարբեր կողմերում և ունեին հիմնականում ռազմական ու վարչական նշանակություն։

Մեծ թվով բերդեր, ավանաբերդեր ու բերդաքաղաքներ էին առաջացել ստրկատիրական հասարակարգի ձևավորման հետ միասին, որի արդյունքն էր Ուրարտական ընդարձակ պետության կազմավորումը։ Ուրարտական պետության ժամանակներում (IX–VI դդ. մ.թ. ա.) հիմնադրվել էին պետության մայրաքաղաք Տուշպան (Վան), Մելիտեն (Մալաթիա), Ախուրիանին (Սարիղամիշի կողմերում), որի անունը պահպանվել է Ախուրյան գետի անվան մեջ, Աշտուխինին (Կարսի շրջանում, Աստրախանե վայրում կամ նրա մոտակայքում), Մանազկերտն ու Արճեշը, որոնցից առաջինի հիմնադիրը համարում են ուրարտական Մենուա թագավորին և անունն էլ կապում նրա անվան հետ, իսկ երկրորդի հիմնադրումն ու անվան ծագումը կապում են Արգիշտի թագավորի անվան հետ։ Միջնադարյան Վաղարշակերտ (Ալաշկերտ) կոչվող քաղաքի տեղում ուրարտական ժամանակաշրջանում գտնվում էր Անաշա քաղաքը։ Նույն կարգի մի բերդաքաղաք էլ գտնվում էր Վաղարշավանի (Հասանկալա) տեղում, որի ուրարտական բերդի մնացորդները հայտնի դարձան մասնակի պեղումների շնորհիվ։ Մեծ քանակությամр բերդեր ու բերդաքաղաքներ են հայտնաբերված Ուրարտական պետության ոչ միայն հարավային (Ասորեստանի կազմում) և հարավարևելյան (Վանա և Ուրմիա լճերի միջև ընկած լեռնային երկրները) կողմերում, այլև հյուսիսային մասերում՝ Արաքսի միջին հոսանքի շրջանում։ Հնագիտական և պատմական ուսումնասիրությունների շնորհիվ Սովետական Հայաստանի տարածքում հայտնաբերված են ու հետազոտված ուրարտական շրջանի մի քանի բերդաքաղաքների (և բերդերի) ավերակներ։ Այսպես, Սևանա լճի հարավարևմտյան մասում հայտնաբերված մի մեծ բերդավանի ավերակները համարվում են Տիլիխու բերդաքաղաքի մնացորդները, Կամո քաղաքի մոտ, ժայռի վրայի հին բերդի ավերակները նույնացնում են «Խալդ աստծո քաղաքի» հետ, նույն Սևանա լճի հարավային ափին, այժմյան Մարտունու շրջանի Ծովինար գյուղի մոտ հայտնաբերված են ուրարտական մի ուրիշ բերդավանի ավերակներ, որն իր կանգուն ժամանակներում կոչվել է «Թեյշեբ աստծո քաղաք»։ Երկու բերդաքաղաքներ են եղել նաև Երևանի տարածքում։ Դրանցից մեկը գտնվում էր Կարմիր բլուրում և կոչվում էր Թեյշեբաինի, իսկ մյուսը Արինբերդի տեղում էր` Երևանի հարավարևելյան մասում և կրում էր Էրեբունի անունը, որից էլ ծագել է մեր մայրաքաղաք Երևանի անունը։ Ուրարտական ժամանակաշրջանում Արարատյան դաշտում ամենից հռչակվածը սակայն Արգիշտիխինիլի («Արգիշտիի քաղաք») քաղաքն էր, որը համարվում էր պետության հյուսիսային բարեբեր երկրների գլխավոր կենտրոնը և Ուրարտուի երկրորդ մայրաքաղաքը։ Այն կառուցել էր Արգիշտի 1-ինը (մ. թ. ա. 786 – 760) և համապատասխանում է Երվանդյանների թագավորության (V–II դդ. մ. թ. ա.) ու ավելի ուշ շրջանի հայկական Արմավիր քաղաքին։

Հայաստանի ուրարտական ժամանակաշրջանի քաղաքները ունեին իրենց պարսպապատ բերդերը։ Դրանք հիմնականում տեղադրված էին բլուրների վրա և վտանգավոր պահերին գիշերներն իրար հետ կապվում էին խարույկներով։ Իբրև բերդաքաղաքներ դրանցում զետեղվում էին հատուկ կայազորներ։ Քաղաքների մյուս առանձնահատուկ կողմն այն էր, որ դրանք վարչատարածքային միավորների կենտրոններ էին, և այդտեղ էր գտնվում տվյալ շրջանի վարչական ապարատը, այստեղ էր կենտրոնացվում բնակչությունից հավաքված բնամթերային հարկը։

Քաղաքներում ու նրանց բերդերում կային ժայռափոր կերտվածքներ, աստիճաններ, ստորերկրյա մուտքեր, որոնք այնքան բնորոշ էին ուրարտական, հնագույն հայկական ճարտարապետության համար։ Քաղաքի բնակչությունն ուներ սոցիալական խայտաբղետ կազմ։ Այն բաղկացած էր ստրկատերերից, արհեստավորներից ու առևտրականներից, գերի ստրուկներից, զինվորականներից։

Տնտեսական կյանքի զարգացման հետ միասին, հելլենիզմի դարաշրջանում մեծ վերելք են ապրում նաև քաղաքները։ III – I դարերում (մ. թ. ա.) զարգացման նոր շրջան են ապրում Հայաստանի հին քաղաքները՝ Վանը, Արմավիրը, Մալաթիան, Մանազկերտը, Արճեշը և մյուսները։ Առաջանում են մի ամբողջ շարք նոր քաղաքներ՝ Երվանդաշատ, Բագարան, Բագավան, Զարիշատ, Զարեհավան, Կարկաթիոկերտ, Արշամաշատ, Արտաշատ, Տիգրանակերտ և այլն։ Դրանք արդեն հելլենիստական տիպի քաղաքներ էին, որոնց բնակչության ամենահիմնական զբաղմունքը արհեստներն ու առևտուրն էր։ Հռոմեական պատմագիր Ապպիանոսի վկայությամբ, Տիգրան 2-րդը (95 – 55 թթ. մ. թ. ա.) իր արշավանքների ժամանակ հելլենիստական 12 քաղաքներից 300 հազար բնակիչ գաղթեցրեց և բնակեցրեց Հայաստանի քաղաքներում, հատկապես՝ 70-ական թթ. հիմնադրած իր մայրաքաղաք Տիգրանակերտում։ Նրա գաղթեցրած բնակչությունը բաղկացած էր գլխավորապես հույներից, ասորիներից և հրեաներից: Նույն դարի 40-ական թվականներին՝ Արտավազդ 2-րդի օրոք, երբ հայ–պարթևական միացյալ զորքերը գրավեցին Ասորիքը, այնուհետև Փյունիկիան և Կիլիկիան, բազմահազար հրեաներ գաղթեցին և բնակություն հաստատեցին արևելյան երկրներում՝ այդ թվում և Հայաստանում։ V դարի հայ մատենագիր Փավստոս Բուզանղը վկայում է, որ IV դարում հրեական հազարավոր ընտանիքներ կային Երվանդաշատ, Արտաշատ, Զարեհավան և այլ քաղաքներում։ Քաղաքների էին վերածվում նպաստավոր դիրք ունեցող բերդերն ու ճանապարհային կայանները, որոնք երկրի տնտեսական զարգացմանը զուգընթաց ստանում էին կարևոր նշանակություն։ Առանձնապես կարևոր դեր էին խաղում այն քաղաքները, որոնք գտնվում էին քարավանային տարանցիկ առևտրի ճանապարհների վրա։ Իսկ հելլենիզմի դարաշրջանում Հայաստանի գլխավոր ճանապարհների հիմնական հանգույցն ու ելման կետը Արտաշատ մայրաքաղաքն էր։ Այստեղից էին գուրս գալիս այնքան կարևոր նշանակություն ստացած Արտաշատ — Սատաղ և Արտաշատ — Տիգրանակերտ ճանապարհները։ Հայաստանից այդ ճանապարհներով էին արտահանվում հացահատիկ, ձի, ոչխար, միս, ձուկ, չորացած մրգեր, գինի, բուրդ, բամբակ, ներկեր, մետաղներ, արհեստավորական զանազան արտադրանքներ՝ գորգեր, այլազան գործվածքներ, պերճանքի առարկաներ և այլն:

Ֆեոդալիզմի դարաշրջանում Հայաստանի հելլենիստական քաղաքները աստիճանաբար հետադիմում են։ Դրանց մի մասը վերածվում է ֆեոդալական քաղաքների և շարունակում իր գոյությունը (Տիգրանակերտ, Զարիշատ, Զարեհավան, Բագարան և այլն), իսկ մյուս մասը աստիճանաբար նվազելով V–VI դարերից դադարում է գոյություն ունենալ (Արտաշատ, Արմավիր, Երվանդաշատ) I–V դարերում Հայաստանում առաջացել են ֆեոդալական մի շարք քաղաքներ (Արզն, Բաղեշ, Խլաթ, Կարին, Ոստան, Ադամակերտ, Սպեր, Նախճավան, Մուշ և այլն), որոնցից կարևորները Վադարշապատը, Դվինը և Արշակավանն էին։ Առաջինը ձևավորվել էր նախկին Վարդգեսավանի տեղում (II դարում, մ. թ. ), երկրորդը հիմնադրվել էր IV դարի 30-ական թվականներին Արշակունի Խոսրով Կոտակ թագավորի ձեռքով, իսկ Արշակավանը հիմնադրել է Արշակ 2–րդը նույն դարի 50–ական թվականներին՝ նպատակ ունենալով իր կառուցած այդ նոր մայրաքաղաքը դարձնել հուսալի հենարան կենտրոնախույս նախարարներին սանձահարելու և կենտրոնական իշխանությունն ուժեղացնելու դժվարին գործում։ Նոր առաջացած ֆեոդալական քաղաքները, մանավանդ փոքրերը, իրենց բնույթով քիչ էին տարբերվում մեծ գյուղերից: Նրանց բնակչության զբաղմունքի մեջ երկրագործությունը, այգեգործությունը, բանջարաբուծությունը, անասնապահությունն իրենց խաղացած դերով ոչնչով չէին զիջում բուն քաղաքային զբաղմունքներին` արհեստներին և առևտրին։ Պատկերը մի փոքր այլ էր խոշոր քաղաքներում Վաղարշապատում, Դվինում, Վանում և նույն կարգի մյուս քաղաքներում, որոնք առաջին հերթին առևտրի և արհեստագործության մեծ կենտրոններ էին և որոնցում գյուզատնտեսությունը համեմատաբար սահմանափակ ծավալ ու կշիռ ուներ։

Հայաստանի քաղաքները V–VII դարերում առանձին զարգացում չեն ունեցել։ Սասանյանների և բյուգանդական տիրապետության այդ շրջանում քաղաքային կյանքի առաջադիմության համար բարենպաստ պայմաններ չկային։ Ավելին, նախորդ ժամանակների համեմատությամբ շատ քաղաքներ անշքանում էին։

Քաղաքների համընդհանուր անկումը, սակայն, տեղի է ունեցել արաբական տիրապետության շրջանում VII–IX դարերում, կապված երկրի տնտեսական կյանքի ընդհանուր հետադիմության հետ։ VII–VIII դարերի արաբական զավթողական ու պատժիչ արշավանքների հետևանքով ավերվում են Հայաստանի մի շարք քաղաքներ։ Դրանց մի մասը այնուհետև, մինչև IX–X դարերը, կորցրեց իր տնտեսական նշանակությունը (Վաղարշապատ, Զաբիշատ, Կարին, Արճեշ և այլն), իսկ որոշ քաղաքներ էլ ընդմիշտ դադարեցին գոյություն ունենալ (օրինակ Արտաշատը)։ Նախորդ ժամանակաշրջանի քաղաքներից շատերը վեր են ածվում բերդաքաղաքների ու բերդերի, որոնցում զետեղվում են արաբական կայազորներ (Մուֆարզին, Նաշավա՝ Նախճավան, Բերկրի, Կարին և այլն)։ Երկրի մայրաքաղաք Դվինը ևս մեծապես տուժեց։ Արաբական զավթիչները 640 թ. իրենց արշավանքի ժամանակ գրավելով Դվինը, մասնակիորեն ավերում են այն։ Բայց չնայած դրան, Հայաստանի քաղաքների շարքում VII–IXդդ. Դվինը իր նշանակությամբ գրավում էր առանձնահատուկ տեղ: Նա Հայաստանի մեծ մասից և Վրաստանից ու Աղվանքից կազմված Էրմենիա փոխարքայության կենտրոնն էր, և արաբական ոստիկանները (էմիրները ) որոշ չափով հոգ էին տանում իրենց աթոռանիստը բարեկարգելու մասին։ Այստեղ էին կենտրոնացած արաբական զորքերի զգալի մասը, վարչական պաշտոնյաներ, ազնվականներ, տարբեր ազգի հարուստ վաճառականներ։ Տնտեսական տեսակետից արաբական տիրապետության սկզբնական շրջանում Դվինի նշանակությունը մեծ չէր, բայց VIII դ. վերջերից և, մանավանդ, IX դ, սկգբներից այն համեմատաբար արագորեն բարձրանում և դառնում է արհեստագործության ու առևտրի խոշորագույն կենտրոն։

Հայաստանում քաղաքային կյանքն աննախադեպ վերելք է ապրում քաղաքական անկախության շրջանում՝ IX–XI դարերում։ Աշխուժանում են հին քաղաքները՝ Դվինը, Վանը, Նախճավանը, Բաղեշը (Բիթլիս), Հերը (Խոյ), Բագարանը և այլն, առաջ են գալիս նոր քաղաքներ՝ Անի, Կարս, Արծն, Խլաթ, Մուշ, Լոռի, Կապան, Երազգավորս։ Քաղաքային կյանքի բուռն զարգացումը բացատրվում է ոչ միայն քաղաքական անկախությամբ, Արևելքի ու Արևմուտքի երկրների նկատմամբ Բագրատունյաց թագավորության տարանցիկ դիրքով, այլև տևական խաղաղությամբ։ IX — XI դարերում Հյուսիսային և Կենտրոնական Հայաստանը զերծ էր արաբա–բյուզանդական երկարատև ու արյունահեղ պատերազմներից, գտնվում էր դրանց ոլորտից դուրս և նրա արտադրողական ուժերը զարգանում էին միջնադարի համար անսովոր թափով։

IX — XI դարերի Հայաստանի քաղաքներն ըստ ծագման կարելի է բաժանել երկու խմբի, ա) հին, նախաֆեոդալական ժամանակներում առաջացած քաղաքներ, որոնք մի կերպ պահպանել էին իրենց գոյությունը և նորից էին աշխուժացել։ Այդ քաղաքների բնույթը, ինչպես ասվեց, ֆեոդալիզմի օրոք (III—IV դդ. սկսած) աստիճանաբար փոխվել էր, նրանք դարձել էին ֆեոդալական քաղաքներ (Վան, Արճեշ, Մանազկերտ, Մուֆարղին, Վաղարշակերտ, Բագարան, Արզն, Նախճավան և այլն), բ) ֆեոդալիզմի ժամանակաշրջանում ծագած քաղաքներ, որոնց մի զգավի մասը առաջացել էր IX—XI դարերում։ Այդ խմբի մեջ էին մտնում Դվինը, Կարինը, Անին, Կարսը, Արծնը, Լոռին, Կապանը, Մուշը, Բաղեշը, Բերկրին, Խլաթը և այլն։

Այս քաղաքները, բոլորն էլ ֆեոդալական լինելով հանդերձ, այնուամենայնիվ, ունեին որոշ առանձնահատկություններ։ Կային այնպիսի քաղաքներ, որոնք գտնվում էին այս կամ այն ֆեոդալի կալվածքում, լիովին ենթարկվում էին նրա իրավասությանը և գրեթե ամբողջապես կապված էին գյուղատնտեսության հետ։ Դրանք հիմնականում փոքր քաղաքներ կամ գյուղաքաղաքներ էին, և նրանց տնտեսական կապերը իրենց շրջապատից հեռու չէին գնում։ Այդ կարգի քաղաքներից էին Վասպուրականի թագավորությունում՝ Արտամետը, Ոստանը, Դատվանը, Հադամակերտը, Բերկրին, Սյունիքի թագավորությունում՝ Շաղատը, Եղեգիսը, Կապանը, Անի–Շիրակի թագավորությունում՝ Երևանը, Սուրմառին, Երազգավորսը: Այլ բնույթ ունեին խոշոր քաղաքները՝ Անին, Դվինը, Կարսը, Վանը, Կարինը, Նախճավանը և այլն։ Սրանց կապը գյուղատնտեսության հետ համեմատաբար թույլ էր, գյուղատնտեսական զբաղմունքները քաղաքի ընդհանուր տնտեսական կյանքի վրա նշանակալի ազդեցութքուն չունեին։ Դրանք հիմնականում արհեստագործության և առևտրի խոշոր կենտրոններ էին: Կային այսպես կոչված «ազատ» քաղաքներ, որոնք պարսպապատ չէին, գտնվում էին ոչ թե ֆեոդա-

[էջ 11]

լական կալվածքներում, այլ ազատ հողերում։ Այդ կարգի քաղաքներից էին Արծնը և Սևանա լճի հարավային ափին՝ Դվին — Պարտավ ճանապարհի վրա գտնվող Ազատ քաղաքը, որոնց բնակչությունը գրեթե բացառապես զբաղվում էր առևտրով ու արհեստներով։ Բացառյալ այս վերջինների, IX—XI դարերի Հայաստանի խոշոր քաղաքները, նույն ժամանակների Առաջավոր Ասիայի մյուս քաղաքների նման, բաղկացած էին երեք մասից` միջնաբերդից, բուն քաղաքից («շահաստանից») և արվարձաններից։ Միջնաբերդը սովորաբար գտնվում էր քաղաքի կենտրոնական մասում կամ այն մասում, որը պաշտպանական տեսակետից ավելի ապահով էր և իշխում էր ամբողջ քաղաքի վրա։ Քաղաքների միջնաբերդերը, սովորաբար ավելի շուտ էին կառուցվել և, մինչև նրանց շուրջը քաղաք ծավալվելը, դրանք բերդեր էին (այդպիսին էին օրինակ՝ Անիի, Կարսի, Դվինի, Կարինի և մյուս քաղաքների միջնաբերդերը)։ Միջնաբերդերը շրջափակվում էին աշտարակավոր պարիսպներով։

Միջնաբերդի շուրջը տարածվում էր բուն քաղաքը՝ «շահաստանը», որն իր գրաված տարածքով մի քանի անգամ նրան գերազանցում էր։ Այստեղ էին գտնվում շուկա–հրապարակներ, խանութներ ու կրպակներ («կուղպակ»), արհեստանոցներ, որոնք ըստ արհեստի տեսակի զբաղեցնում էին քաղաքի մի փողոցը կամ փողոցի, շուկայի մի շարքը։ «Շահաստանը» նույնպես պարսպապատված էր, բայց կային և այնպիսի քաղաքներ, որոնց այդ մասը զուրկ էր պարսպից՝ բաց էր (օրինակ՝ Արծնը)։

Քաղաքի արվարձանները փռված էին «շահաստանից» դուրս։ Նրանք զբաղեցնում էին հսկայական տարածք, որովհետև քաղաքի այս մասի բնակչությունը հիմնականում զբաղվում էր գյուղատնտեսությամբ՝ այգեգործությամբ, բանջարաբուծությամբ, երկրագործությամբ և անասնապահությամբ։

Քաղաքը կառավարում էր տվյալ քաղաքի տեր ֆեոդալի կողմից նշանակվող կառավարիչը, որը կոչվում էր «շահապ», «քաղաքի վերակացու» կամ «ամիրա»։ Մայրաքաղաքների կառավարիչները նշանակվում էին թագավորի կողմից և անմիջականորեն ենթարկվում էին նրան։ Քաղաքներում կային նաև ֆեոդալների կողմից նշանակված հատուկ պաշտոնյաներ, որոնք կոչվում էին «մութասիբ» կամ «մութսիբ»։ Սրանք հսկում էին շուկաներում չափ ու կշռի, վաճառվող ապրանքների գների վրա։ Հարկահավաք պաշտոնյաները կոչվում էին «բաժրար», «ձեռնավոր» կամ «կռփիչ»։ Խոշոր քաղաքներում (օրինակ` Անիում) X դարի վերջերից գործում էր քաղաքային ինքնավարություն, որի գլուխ կանգնած էր բավական լայն իրավունքներով օժտված ավագների խորհուրդը «երիցանին»։ Վերջինիս իրավունքներն ավելի ընդլայնվեցին XII — XIII դարերում։ Նրանց պարտականությունների մեջ առանձնահատուկ տեղ էր գրավում քաղաքի պաշտպանությունը, պաշտպանական պարիսպների ու բուրգերի կառուցումը և վերանորոգումը, հարձակումների ժամանակ ինքնապաշտպանության կազմակերպումը և այլն։

Քաղաքի բնակչությունն ուներ սոցիալական խայտաբղետ կազմ։ Այստեղ ապրում էին և՛ աշխարհիկ ու հոգևոր ավատատերեր, և՛ առևտրականներ ու արհեստավորներ, և՛ գյուղացիներ ու ընչազուրկ զանգվածներ։ Սակայն քաղաքային բնակչության հիմնական մասը կազմում էին արհեստավորներն ու առևտրականները, այսինքն՝ քաղաքային դասը։ Հայաստանի այդ շրջանի քաղաքների բնակչությունը ազգային տեսակետից բավական միատարր էր. դրանց հիմնական զանգվածը կազմում էին հայերը։

IX—XI դարերում Հայաստանի խոշոր քաղաքներից (Անի, Դվին, Արծն, Կարս) յուրաքանչյուրի բնակչության թիվը հասնում էր մինչև 100 հազար մարդու։ Մյուս քաղաքների բնակչության թիվը նույն ժամանակներում տատանվում էր 10 — 25— 40 հազար մարդու սահմաններում։

Բյուգանդական կարճատև տիրապետության ընթացքում (1045—1064թթ.) Հայաստանում քաղաքային կյանքը էական փոփոխություններ չի կրել, եթե չհաշվենք Անիի և մի քանի այլ քաղաքների մասնակի ավերումները կայսրության կողմից դրանց գրավման ժամանակ: Սակայն այդ մի քանի տասնյակ տարիների ընթացքում ընդհանուր առմամբ վերացվել էին դրանց հետքերը։

Միանգամայն այլ էր պատկերը սելջուկյան արշավանքների և երկրում նրանց ծանր լծի հաստատման շրջանում XI — XII դարերում։ Նախորդ ժամանակաշրջանի Հայաստանի ծաղկած քաղաքներից շատերը սելջուկյան արշավանքների հետևանքով կողոպտվում և ավերվում են։ 1049թ. սելջուկները գրավեցին, կողոպտեցին և հիմնահատակ կործանեցին երկրի խոշորագույն քաղաքներից մեկը՝ Արծնը։ Սելջուկյան սուլթան Ալփ–Արսլանի արշավանքի ժամանակ (1064—1065թթ.) ավերման ենթարկվեց Անին, իսկ հետագայում երկար ժամանակ, ընդհուպ մինչև XII դարի վերջը (1199 թվականը) այն դարձել էր պայքարի թատերաբեմ և մի շարք անգամ ենթարկվել հարձակման ու անցել ձեռքից ձեռք, յուրաքանչյուր անգամ ենթարկվելով մասնակի ավերման։ Նույնպիսի քաղաքական դրություն են ունեցել նաև երկրի այլ քաղաքներ, որոնց թվում և Դվինը։ Սելջուկյան արշավանքների ընթացքում խիստ տուժեցին Արճեշ ու Մանազկերտ քաղաքները։ Դրանցից առաջինը հրի ու սրի մատնվեց Տուղրիլի արշավանքի ժամանակ (1054թ.), իսկ երկրորդը՝ Մանազկերտը, ավերվեց ու կողոպտվեց սելջուկների և բյուզանդական զորքերի միջև տեղի ունեցած 1071թ. ճակատամարտի ժամանակ։ 1103թ. սելջուկները հիմնահատակ ավերեցին Սյունիքի թագավորության մայրաքաղաք Կապանը, որն այլևս չվերականգնվեց։ Անուղղակի հիշատակություններից պարզ է դառնում, որ նշվածներով չէր սահմանափակվում սելջուկների կողմից Հայաստանում ավերված քաղաքների ցանկը։ Նրանց տիրապետության շրջանում խիստ հարված էին ստացել նաև Վանը, Բերկրին, Մուշը և բազմաթիվ այլ քաղաքներ։ Սելջուկյան արշավանքների հետևանքով ոչ միայն ոչնչացան քաղաքային բազմահազար բնակիչներ, այլև հենց այդ ժամանակներից սկսվեց բնակչության զանգվածային արտագաղթ (մանավանդ՝ Անիից), որ այնքան մեծ հարված հասցրեց հատկապես քաղաքներին։

XII դարի երկրորդ կեսից մինչև XIII դարի 30 — 40-ական թվականները Վրաստանի օգնությամբ, Զաքարյան հայ իշխանների անմիջական գլխավորությամբ Հյուսիսարևելյան Հայաստանը ազատագրվում է սելջուկ–թուրքերի լծից և նորից բռնում զարգացման ուղի։ Հայաստանի այդ խոշոր հատվածի քաղաքներից կարևոր էին Անին, Դվինը, Կարսը։ Քաղաքներում զարգանում էր առևտրա–վաշխառուական կապիտալը, որի խոշոր ներկայացուցիչներն իրենց ցանցն էին գցում նույնիսկ իշխաններին, պարոններին։ XIII դարի առևտրա–վաշխառուական կապիտալի խոշոր ներկայացուցիչներից էին անեցի Տիգրան Հոնենցը և Ավետենց Սահմադինը, մանազկերտցի Ումեկը և ուրիշներ։ Սրանք իրենց ձեռքում կենտրոնացրել էին հողային հսկայական տարածություններ և մեծ հարստություններ՝ զբաղվելով առևտրով, վաշխառությամբ, կապալառությամբ։

Քաղաքների կառավարիչները (քաղաքապեւոները) կոչվում էին ամիրաներ և նշանակվում էին այն ֆեոդալի, իշխանի կողմից, որի իշխանության սահմաններում գտնվում էր տվյալ քաղաքը։ Խոշոր քաղաքների՝ Անիի, Դվինի և Կարսի կառավարիչները կոչվում էին «ամիրայից ամիրա»։ Ընդ որում, Անիի ամիրայից ամիրան նշանակվում էր Զաքարյանների կողմից, որովհետև այն համարվում էր վերջիններիս աթոռանիստ քաղաքը։ Անիում շարունակում էր գործել ներքին ինքնավարական մարմինը՝ «երիցանին», որի իրավունքները նախորդ ժամանակների համեմատությամբ ավելի ընդլայնվել էին։

Ապրանքադրամական հարաբերությունների զարգացման և ներքին շուկայի ընդլայնման շնորհիվ ավելի է խորանում գյուղատնտեսությունից արհեստների բաժանման պրոցեսը։ XII — XIII դդ. արհեստները գերազանցապես զարգանում էին քաղաքներում։ Իշխաններն ու պարոնները, բարձրաստիճան հոգևորականները, առևտրա–վաշխառուական դասի ներկայացուցիչները՝ այսպես կոչված մեծատունները, քաղաքներում և վանքերում ունեին «գործատներ» (արհեստանոցներ), որտեղ աշխատում էին թե՛ կախյալ և թե՛ ազատ արհեստավորները։

Գյուղատնտեսության հետ սերտ կապված էին մնում մի քանի արհեստներ՝ դարբնությունը, հյուսնությունը, մանածագործությունը և այլն։ Մնացած արհեստները անջատվում էին գյուղատնտեսությունից և կենտրոնանում քաղաքներում։ Գնալով աշխատանքի բաժանումն արհեստի ներսում ավելի էր խորանում։ Դրա հիման վրա էլ արհեստավորական գործիքների որոշ տեսակներ կրում են զգալի փոփոխություններ, հարմարեցվում են տվյալ արհեստի աշխատանքային պայմաններին։ Հիշատակությունների համաձայն, XIII դարի սկզբին Անիի արհեստների թիվը հասնում էր մոտ 40–ի։ Մյուս քաղաքներում (Դվինում, Կարսում և այլուր) նույնպես արհեստները բազմատեսակ էին։ Նախորդ ժամանակաշրջանի նման այս շրջանում ևս Հայաստանի քաղաքային արհեստների մեջ կարևոր տեղ էին գրավում մետաղագործությունը (զինագործությունը, դարբնությունը, պղնձագործությունը, արծաթագործությունը, ոսկերչությունը), մանածագործությունը, գորգագործությունը, ներկարարությունը, կավագործությունն իր ենթաճյուղերով, քարկոփությունը, որմնագրությունը, հյուսնությունը, կաշեգործությունը, բամբակագործությունը, տակառագործությունը, սննդի հետ կապված մի շարք արհեստներ։

Յուրաքանչյուր արհեստագործական արտադրություն հետզհետե համախմբվում է հատուկ արհեստակցական ընկերության մեջ։ Արհեստավորական ընկերություններ կային նաև նախորդ ժամանակաշրջանում, բայց նրանք այն ժամանակ դեռ գտնվում էին սաղմնային վիճակում և ձևավորված ընկերություններ դարձան միայն XII—XIII դարերում։

Հյուսիս–արևելյան Հայաստանում XII—XIII դդ, զարգանում են ներքին շուկան և ապրանքադրամական հարաբերությունները։ Քաղաքներում, վանքերին կից, ճանապարհային կայաններում կային բազմաթիվ խանութներ ու կրպակներ, որոնք առևտուր էին անում տեղական ապրանքներով։ Արհեստավորների նման առևտրականները ևս ունեին իրենց կազմակերպությունները։

Հյուսիսարևելյան Հայաստանի XII — XIII դդ, արտաքին առևտուրը, հիմնականում լինելով IX—XI դդ. Հայաստանի արտաքին առևտրի զարգացման մի նոր աստիճանը` սելջուկյան տիրապետությունից հետո, իր ուղղությամբ նախորդից զգալի չափով տարբերվում էր։ IX—XI դդ, Հայաստանն առևտուր էր անում հիմնականում Սև ծովի հարավային ափերի նավահանգստային քաղաքների, Պարսկաստանի, Միջագետքի, Ասորիքի և հարևան Վրաստանի ու Աղվանքի հետ։ XII—XIII դդ, Միջագետքի, Ասորիքի, Փոքր Ասիայի հետ կատարվող առևտուրը մղվում է հետին պլան։ Այդ երկրներում հաստատված սելջուկյան էմիրությունները իրենց հարատև կռիվներով խափանում էին տարանցիկ առևտրի զարգացումը։ Ճանապարհներն այդ երկրներում անապահով էին և վտանգավոր։ Մելիքշահ սուլթանի բարեփոխումները, որոնք որոշ չափով նպաստում էին առևտրի զարգացմանը, նրա աշխարհակալ պետության անկմամբ ի դերև անցան։

Առաջավոր Ասիայի ամեն մի էմիրություն կամ ֆեոդալական այլ միավորում ուներ իր ներքին չափն ու կշիռը, մաքսային սահմանները, երբեմն նույնիսկ իր սեփական դրամական միավորները։ Դրանք մեծապես արգելակում էին Ասորիքի, Միջագետքի, Պարսկաստանի վրայով Արևելքի ու Արևմուտքի միջև կատարվող առևտուրը։ Դրանց հետևանքով Անդրկովկասի երկրների առևտրատնտեսական կապերը տեղափոխվում են ավելի հյուսիս։ Սերտ կապեր են ստեղծվում Սև ծովի արևելյան ափերի, վրացական նավահանգիստների, Գալիցիայի, Լեհաստանի և ռուսական երկրների հետ։ Եվ պատահական չէ, որ XII—XIII դդ. Հայաստանի խոշոր քաղաքների մեծ մասը գտնվում էր հյուսիսարևելյան Հայաստանում, որն այդ առևտրի նկատմամբ ուներ ավելի հարմար դիրք։ Հայաստանից ռուսական երկրներ էին արտահանում արհեստավորական զանազան արտադրանքներ, մետաքսե գործվածքներ, գորգեր, ներկեր և այլ ապրանքներ։ Իսկ ռուսական երկրներից Հայաստան էին ներմուծվում թանկագին մորթիներ (հատկապես` սամույր) և այլ ապրանքներ։

Մոնղոլական արշավանքների ընթացքում անբուժելի հարված ստացան Հայաստանի նախորդ շրջանում արհեստագործության և առևտրի կենտրոններ դարձած քաղաքները։ Մոնղոլները Հայաստանի քաղաքները գրավեցին և ավերեցին հետևյալ հաջորդականությամբ՝ 1236թ. Անին, Կարսը, Դվինը, Լոռին, այսինքն՝ հյուսիրարևելյան Հայաստանի քաղաքները, իսկ 1242— 1245 թթ.՝ Էրզրումը, Երզնկան, Խլաթը, Արճեշը, Մանազկերտը, Վանը, Մուշը և այլն։

XIII դ. 50–ական թվականներից, երբ հիմնականում ավարտվում են մոնղոլական արշավանքները, Հայաստանի տնտեսական կյանքը և դրա հետ միասին նրա ավերված քաղաքները սկսում են մասնակիորեն վերականգնվել։ Մոնղոլական մեծ խաները, առևտրից ստացվող եկամուտները հաշվի առնելով, խրախուսում էին արտաքին ու տարանցիկ առևտուրը։ Սակայն մոնղոլական իշխանների տիրապետության շրջանում Հայաստանի վրայով կատարվող առևտուրը զգալի չափով նպաստում էր միայն այն քաղաքների աշխուժացմանը, որոնք ընկած էին այդ ժամանակներում մեծ նշանակություն ստացած քարավանային առևտրի ճանապարհների վրա։ Դրանց թվին էին պատկանում Վանը, Արճեշը, Մանազկերտը, Մուշը, Մուֆարղինը, Էրզրումը, Երզնկան։ Մարկո Պոլոյի ասելով, այդ ժամանակ Հայաստանի ամենանշանավոր քաղաքը Երզնկան էր, որտեղ, նրա արտահայտությամբ, «արտադրել են աշխարհի լավագույն բեհեզները»՝ բամբակյա գործվածքները։ Նա Երզնկայից բացի հիշատակում է նաև Էրզրումի, Արճեշի և Մարդինի մասին։ Վենետիկցի մեծ ճանապարհորդը գրում է, որ Մուշ և Մարդին քաղաքների շրջակայքում «արտադրվում է մեծ քանակությամբ բամբակ, որից պատրաստում են մեծ մասամբ բեհեզ և այլ կտորեղեն։ Ժողովուրդը արհեստավոր և առևտրրական է և ամենքը ենթարկվում են թաթար թագավորին» («Путешествия Марко Поло», СПб, 1902.): Տնտեսական կյանքի աշխուժացումը զգալի էր նաև Վան ու Մանազկերտ քաղաքներում։ Սակայն այդ նույնը չի կարելի ասել նախորդ շրջանում

[էջ 17]

այնքան կարևոր նշանակություն ստացած Հյուսիսարևելյան Հայաստանի քաղաքների՝ Դվինի, Անիի, Կարսի և մյուսների մասին, որոնք Հայաստանով անցնող հյուսիսային տարանցիկ ճանապարհի նշանակության անկման հետ միասին աստիճանաբար հետադիմում էին, կորցնելով իրենց անցյալ փառքը։

Մոնղոլական տիրապետության շրջանում վաճառականները (ինչպես և հոգևորականները) արտոնված լինելով իշխանների կողմից և մասնակցելով տարանցիկ առևտրին ու երկրի ներսում կատարելով կապալառուական խոշոր գործարքներ և վարչական ապարատում գրավելով կարևոր պաշտոններ, իրենց ձեռքում կուտակել էին հսկայական հարստություններ ու հողային տարածություններ։ Այդ ժամանակաշրջանի խոշոր վաճառական–կապալառուներից էին Ումեկի տունը, Սահմադինը, Քարիմանդինը և ուրիշներ։

XIII դարում կատարվել են նաև հիշատակության արժանի շինարարական աշխատանքներ։ Այդ ժամանակ են կառուցվել Գեղարդավանքի ժայռափոր մեծ տաճարը, Հաղպատի զանգակատունը, Խորանաշատը, միջնադարյան Հայաստանի նշանավոր համալսարան Գլաձորը և այլ կոթողներ։

Սակայն իշխանների տիրապետության ժամանակաշրջանում որոշ քաղաքների և առանձին շրջանների տնտեսական աշխուժացումը, որ հետևանք էր նախորդ շրջանի բուռն առաջադիմության պոտենցիայի և մասամբ էլ տարանցիկ առևտրի աշխուժացմանը, երկարատև չեղավ և չէր էլ կարող լինել։ Մոնղոլական կողոպտիչ հարկահանությունը և պատժիչ արշավանքները երկիրը հասցրին ծայրահեղ դրության, նրա տնտեսական միջոցներն արագությամբ սպառվեցին։ Աշխատավոր բնակչությունը մոնղոլական ծանր լծից ազատվելու համար XIV դարի սկզբից զանգվածորեն դիմում էր արտագաղթի, երկիրը զրկվում էր երկրագործ և արհեստավոր բնակիչներից։ Նրանց փոխարեն Հայաստան էին ներխուժում արևելյան քոչվորական այլևայլ ցեղեր, որոնց զբաղմունքը հիմնականում կազմում էր խաշնարածությունը։ Այդ նույն դարում իշխանության տրոման հետևանքով տարանցիկ առևտուրը ստանում է մեծ հարված, կիլիկյան Այաս նավահանգստից մինչև Թավրիզ առևտրականները ստիպված էին լինում մի քանի տասնյակ տեղ մաքս վճարել։ Տրապիզոնի վրայով կատարվող առևտուրը գրեթե դադարում է նշանակալի որևէ դեր խաղալուց։

XIV դարում աստիճանաբար դատարկվում էին մանավանդ Հյուսիսարևելյան Հայաստանի քաղաքները։ Անին վերածվել էր սովորական բնակավայրի, Դվինը՝ դադարել էր գոյություն ունենալուց։ Իսկ Հայաստանի հարավի և արևմուտքի քաղաքները՝ Վանը, Էրզրումը, Արճեշը, Մանազկերտը, Մուշը, Մուֆարղինը, Երզնկան կապված էին իր գոյությունը դեռևս պահպանող Կիլիկիայի հայկական թագավորության առևտրական կենտրոնների (Սիս, Տարսոն, Ադանա, Մամեստիա, Անարզաբա, Մարաշ, Կոռիկոս և այլն) ինչպես և վերջիններիս միջոցով՝ Արևմուտքի հետ։ Կիլիկիայի հայկական թագավորությունը մամլուքների կողմից գրավվելուց հետո (1375 թ.) դրանք ևս զրկվեցին տարանցիկ առևտրի կապերից։

Լենկթեմուրի, կարակոյունլու և ակկոյունլու թուրքմենական ցեղերի տիրապետության շրջանում (XIV—XV դդ.) Հայաստանի քաղաքները ենթարկվում են նոր, ավելի ահավոր կողոպուտի, ավերումների և գերեվարությունների։ Բայց և այնպես, տարանցիկ առևտրի հետ կապված իրենց գոյությունը մի կերպ պահպանում էին Էրզրումը, Երզնկան, Կարսը, Մուշը, Վանը, Խոյը և այլն։ Կարակոյունլուների ժամանակ, Երևանը, դառնալով վարչական կենտրոն (1440 թվականից), սկսում է բարձրանալ։ Նրա առաջադիմությանը, վարչական կենտրոն լինելուց բացի, նպաստում էին նաև աշխարհագրական հարմար դիրքն ու առևտրական կապերը։ Այդ ժամանակներում են առաջանում Ջուղա փոքրիկ քաղաքը և Ագուլիս ու Գավառ (այժմ՝ Կամո) առևտրական ավանները։

Թուրք–պարսկական տիրապետության շրջանում՝ XVI—XVIII դարերում, քաղաքային կյանքի զարգացման համար չկային ո՛չ սոցիալ-տնտեսական և ո՛չ էլ քաղաքական նպաստավոր պայմաններ։ Միջնադարյան հետամնացության մեջ խարխափող սուլթանական Թուրքիայում և սեֆյան Պարսկաստանում առևտուրն ու արհեստագործությունն ունեին համեստ չափեր ու ծավալ և մեծ հեռանկարներ չէին կարող բաց անել քաղաքների զարգացման համար, իսկ պարբերաբար կրկնվող թուրք–պարսկական պատերազմների և ներքին կռիվների հետևանքով ավերվում էին շատ քաղաքներ։

XVI — XVIII դարերի Հայաստանի քաղաքներից համեմատաբար նշանավոր էին՝ Երևանը, Էրզրումը, Վանը, Երզնկան, Կարսը, Բայազետը, Խլաթը, Բիթլիսը, Մուշը, Արճեշը, ինչպես նաև՝ Սեբաստիան, Մալաթիան, Դիարբեքիրը։ Սակայն, բացառությամբ Երևանի, Էրզրումի, Վանի և Երզնկայի, դրանցից յուրաքանչյուրի բնակչության թիվը տասը հազար մարդուց չէր անցնում։ Այսպես, օրինակ, Արևելյան Հայաստանի ամենանշանավոր քաղաքը՝ Երևանը, XIX դ. առաջին քառորդում հազիվ ունեցել է մոտ 12 հազար բնակիչ (2400 ընտանիք), իսկ Արևմտյան Հայաստանի Խլաթ, Մուշ և Արճեշ քաղաքների բնակչության թիվը ավելի փոքր է եղել։ Քրդական բեյերի միջև մղվող կռիվների հետևանքով Մանազկերտ քաղաքը դուրս էր եկել շարքից։ Հայաստանի այս հնագույն քաղաքը, որը նախորդ ժամանակներում չնայած բազմիցս ենթարկվել էր ավերման, այնուամենայնիվ, մինչև թուրք-պարսկական տիրապետության շրջանը չէր կորցրել իր նշանակությունը։ XVI դարում նա ուներ մոտ 6000 տուն, իսկ XIX դարի սկզբին՝ ընդամենը 107 տուն։

Հայերից հետո Արևելյան Հայաստանի քաղաքների բնակչության մեջ զգալի տոկոս էին կազմում թաթարներն ու պարսիկները, իսկ Արևմտյան Հայաստանի քաղաքներում թուրքերն ու քրդերը։

Քաղաքները սովորաբար ունեին ամուր պարիսպներով պատած միջնաբերդեր։ Իրենց ամուր բերդերով հռչակված էին Էրզրումը, Կարսը, Երևանը և, մասամբ, Բայազետը։

Քաղաքները բաժանված էին առանձին թաղամասերի, որոնցից յուրաքանչյուրն իրենից ներկայացում էր վարչական ու տնտեսական միավոր։ Քաղաքապետները կոչվում էին քալանթարներ և նշանակվում էին խանի (Արևելյան Հայաստանում) կամ փաշայի (Արևմտյան Հայաստանում) կողմից, իսկ թաղամասերի կառավարիչները կոչվում էին քեդխուդա կամ մելիք։ Հայկական թաղամասերի կառավարիչները սովորաբար նշանակվում էին հայերից և կոչվում էին մելիքներ։

Քաղաքներում բնակվում էին սոցիալական տարբեր խմբերին պատկանող բնակիչներ։ Բնակչության ճնշող մասը կազմում էին արհեստավորները, առևտրականներր և աղքատ ու ընչազուրկ բնակիչները, որոնք ծառայում էին կամ տներում, կամ զանազան հաստատություններում որպես սևագործ բանվորներ և բեռնակիրներ։

Քաղաքային բնակչությունը առևտրից, արհեստագործությունից և այլ զբաղմունքներից բացի զգալի չափով կապված էր նաև գյուղատնտեսական աշխատանքների հետ։ Քաղաքներում (օրինակ, Երևանում, Վանում, Բիթլիսում և այլուր) կային բազմաթիվ այգիներ, բանջարանոցներ և, նույնիսկ, հացահատիկային ցանքսեր։ Դրա, ինչպես և տների մեծ մասի միհարկանի լինելու պատճառով քաղաքները գրավում էին ընդարձակ տարածություններ։

Քաղաքներն անբարեկարգ էին, մեծ մասը կառուցապատված առանց որոշակի հատակագծի։ Փողոցները նեղ էին, ոլորապտույտ ու ցեխոտ։ Փողոցներն ու հրապարակներր չէին լուսավորվում։ Շատերը չունեին խմելու համար պիտանի ջուր։ Փոշու առատության, նեխած ու ճահճային ջրերի առկայության, բուժօգնության և սանիտարական տարրական պայմանների բացակայության պատճառով անպակաս էին մահասփյուռ հիվանդությունները։

1828 թ. պարսկական լծից ազատագրվելու և Ռուսաստանին միանալու շնորհիվ, Արևելյան Հայաստանում համեմատաբար նպաստավոր պայմաններ ստեղծվեցին տնտեսության զարգացման համար։ Ստեղծվեցին խաղաղ պայմաններ, հաստատվեցին կարգ ու կանոն, օրենք, և ժողովուրդը կարող էր առանց ահ ու սարսափի զբաղվել իր տնտեսությամբ։ Նախորդ շրջանի նման, երկրի տնտեսական կյանքում առաջին տեղը գրավում էր գյուղատնտեսությունը, իսկ երկրորդ տեղը` արհեստագործությունը։ Միայն Հայկական մարզում, որ կազմվել էր 1828 թ. նախկին Երևանի ու Նախիջևանի խանությունների տարածքներից և կազմում էր Հայաստանի միայն մոտ 1/8 մասը, 1830-ական թվականներին կային շուրջ 10 հազար արհեստավորներ։ Արհեստների աչքի ընկնող կենտրոններ էին Երևանը, Ալեքսանդրապոլը, Ախալցխան, Կարսը, Նախիջևանը, Շուշին, Էրզրումը, Վանը, Երզնկան, Բֆթլիսը, Սեբաստիան, Մալաթիան, Մուշը, Շատախը։ Հայաստանում այդ շրջանում արհեստների թիվը հասնում էր մոտ 120-ի։ Արհեստավորական տեխնիկան պարզունակ էր, սակայն որոշ արհեստներ իրենց արտադրանքի որակով հասել էին բարձր մակարդակի և մեծ համբավ ունեին նույնիսկ երկրից դուրս։ Ինչպես և նախկինում, արհեստավորները համախմբված էին Արևելյան Հայաստանում՝ համքարություններում, իսկ Արևմտյան Հայաստանում՝ էսնաֆություններում։ Բազմաթիվ արհեստների մեջ ամենից տարածված էխն՝ դարբնությունը, պղնձագործությունը, վարսավիրությունը, կավագործությունը, քարտաշությունն ու որմնադրությունը, հյուսնությունն ու ատաղձագործությունը, ջուլհակությունն ու մանածագործությունը, ներկարարությունը, մետաքսագործությունը կաշեգործությունը, գորգագործությունը, ոսկերչությունն ու արծաթագործությունը, զինագործությունը, պայտարությունը և այլն։

Արևելյան Հայաստանում արհեստները աշխուժացման շրջան էին ապրում XIX դարի 50—60-ական թվականներին, սակայն 70-ական թվականներից, ռուսական ֆաբրիկային արտադրության ազդեցության տակ, նրանք աստիճանաբար քայքայվում և անկում են ապրում։ 90-ական թվականներից Արևմտյան Հայաստանում ևս արհեստները քայքայվում են։ Սակայն այստեղ այդ պրոցեսը տեղի էր ունենում ոչ թե մեքենայական արդյունաբերության ճնշման (Թուրքիան հետամնաց երկիր էր), այլ սուլթանների հայաջինջ քաղաքականության հետևանքով. Արևմտյան Հայաստանի բազմահազար արհեստավորներ 1895 — 96 և 1915—16 թվականներին զոհ գնացին թուրքական յաթաղանին, իսկ մի կերպ ողջ մնացածները բռնեցին արտագաղթի ճանապարհը։

XIX դարի առաջին կեսին, արդի իմաստով, Հայաստանում արդյունաբերական ձեռնարկություններ չկային և ժամանակի վիճակագրության հիշատակած «գործարաններն» ու «ֆաբրիկաները» օճառի, կաշվի, ներկարարական, գինեգործական, օղու, աղյուսի, կավագործական և այլ ձեռնարկությունները, սոսկ տնայնագործական էին, ամբողջապես հենված ձեռքի աշխատանքի վրա։ Այդ կարգի ձեռնարկություններ կային Երևանում, Ալեքսանդրապոլում, Էրզրումում, Վանում, Երզնկայում և այլ քաղաքներում։ Շատ թե քիչ արդյունաբերական բնույթ ուներ միայն աղի հանույթը, ինչպես նաև պղնձի, արծաթի հանույթն ու նախնական մշակումը, որ կատարվում էին Կողբի, Նախճավանի, Կաղզվանի աղահանքերում, Գյումուշխանեի արծաթի հանքավայրերում (պատմական Փոքր Հայքում), Ալավերդու, Ախթալայի, Շամլուղի, Կավարտի, Ղաթարի, Հալիձորի, Ագարակի, պղնձահանքերում և այլուր:

1890-ական թվականներից Արևելյան Հայաստանի արդյունաբերությունն սկսում է բավական արագ զարգանալ։ Արդյունաբերության հին ճյուղերը ենթարկվում են որոշ կատարելագործման, առաջանում են նոր ճյուղեր։ Երկրի կյանքում նշանակալի դեր են սկսում խաղալ մասնավորապես Երևանում հիմնված գինու-կոնյակի–օղոլ գործարանները։ Դրանց արտադրանքը, մանավանդ կոնյակը, հանրահայտ էր ոչ միայն Հայաստանում, Անդրկովկասում և Ռուսաստանում, այլև արտասահմանյան բազմաթիվ երկրներում։ Արդյունաբերության զարգացմանը մեծապես նպաստում է Թիֆլիս—Ալեքսանդրապոլ և Ալեքսանդրապոլ—Կարս երկաթուղիների կառուցումը։

Բայց և այնպես, առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Արևելյան Հայաստանը հետամնաց գյուղատնտեսական երկիր էր, իսկ եղած արդյունաբերությունն էլ անկման հասավ պատերազմի և դաշնակցության տիրապետության տարիներին։ Էլ ավելի աննշան էր Արևմտյան Հայաստանի արդյունաբերությունը, որն ուղղակի կործանվեց 1915 թ. երիտթուրքերի կազմակերպած ցեղասպանության հետևանքով։

Հայաստանի տնտեսության մյուս ճյուղը, որը արհեստագործության նման նույնպես հիմնականում քաղաքային զբաղմունք էր, ներքին ու արտաքին առևտուրն էր։ Հայ վաճառականներն առևտուր էին անում և երկրի ներսում, և դրսում։ Ներքին առևտուրը, ընդհանրապես մանրածախ էր և թույլ էր զարգացած։ Հայ վաճառականներն իրենց խոշոր կապիտալները ներդնում էին գրեթե բացառապես արտաքին առևտրի մեջ։ Արևմտյան և Արևելյան Հայաստանի հայ վաճառականներն իրենց ձեռքն էին վերցրել Անդրկովկասի վրայով Ռուսաստանի և Պարսկաստանի, Ռուսաստանի և Թուրքիայի, ինչպես նաև Պարսկաստանի ու Թուրքիայի միջև կատարվող առևտուրը։ Նրաք պարսկական, թուրքական, հայկական և անդրկովկասյան ապրանքները վաճառքի էին հանում Ռուսատանում և Արևմտյան Եվրոպայում, իսկ վերջիններիս ապրանքները՝ Անդրկովկասի և Արևելքի երկրներում։ Տարանցիկ առևտրի նկատմամբ Ռուսաստանն Անդրկովկասում ընդհանուր առմամբ կիրառում էր խրախուսող քաղաքականություն։ Այստեղ խճուղային ճանապարհների և երկաթուղիների կառուցումը մեծ խթան եղավ առևտրի զարգացման համար։ Առևտրի առաջընթացին նպաստում էին նաև խաղաղ պայմանները, տնտեսության ընդհանուր զարգացումը, կապիտալիզմի հաղթանակը երկրում։ Մինչդեռ Արևմտյան Հայաստանում ամբողջ XIX դարում և XX դ. առաջին տասնամյակներում առևտուրը շարունակում էր մնալ միջնադարյան մակարդակի վրա` կրելով քարավանային առևտրի բնույթ։

Այս ժամանակների Հայաստանի քաղաքները խոշոր ու մարդաշատ չէին։ Դրանք դեռևս սերտորեն կապված էին գյուղատնտեսական զբաղմունքների հետ և արհեստներն ու ներքինառևտուրը ունեին գերազանցապես միայն տեղական նշանակություն։ Բավական է ասել, որ Երևանի նահանգում կար միայն 5 ոչ խոշոր քաղաք (Երևան, Ալեքսանդրապոլ, Նախիջևան, Օրդուբադ, Նոր Բայազետ): Նույնքան քաղաքներ ուներ և Կարսի մարզը (Կարս, Սարիղամիշ, Կաղզվան, Արդահան, Օլթի)։ Մեծ թիվ չէին կազմում նաև Անդրկովկասի մյուս նահանգների՝ Ելիզավետպոլի ու Թիֆլիսի նահանգների հայկական կամ հայաշատ քաղաքները (Շուշի, Գորիս, Ախալքալաք, Ախալցխա)։ Իսկ Արևմտյան Հայաստանի մի քանի տասնյակ քաղաքներից (որոնց մեծ մասը կարելի է համարել գյուղաքաղաք) շատ թե քիչ նշանավոր էին Էրզրումը, Երզնկան, Կամախը, Սեբաստիան, Մալաթիան, Խարբերդը, Մուշը, Խլաթը, Բիթլիսը, Շատախը, Վանը, Բայազետը և այլն։ Այս վերջինները, ինչպես ասվեց, ամբողջ Արևմտյան Հայաստանի հետ միասին հայաթափվեցին։ Թուրքական յաթաղանին 1915—1916թթ. զոհ գնացած մեկուկես միլիոն հայերի զգալի մասը կազմում էր քաղաքային բնակչությունը: Մեծ զոհեր տվեց նաև բռնի տեղահանված հայությունը, տեղահանված 600 հազար հայերից իրենց կյանքը փրկել և ռուսական զորքերի օգնությամբ Արևելյան Հայաստան ու Կովկաս են գաղթել միայն 350 հազարը։

Просмотров: 1163 | Добавил: ARMREPUBLIC | Рейтинг: 5.0/3
Всего комментариев: 0
Անուն *:
Email:
Կոդ *:
Բոլոր իրավունքները պաշտպանված են© 2024 | arminteresting.do.am` երբ ամեն բան հետաքրքիր է