Շաբաթ, 27.04.2024, 07:28Главная | Регистрация | Вход

Меню сайта

Մուտքի ձև

Օրացույցь

«  Ապրիլ 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈՒրբՇբթԿրկ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Մեր հարցումները

ԸՍՏ ՁԵԶ ՈՎ ՊԵՏՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎՐԱՏԵՍԻԼ 2013 -ՈՒՄ ?
Բոլոր պատասխանները: 503

Զրուցարան

Վիճակագրություն


Օնլայն են 1
Հյուրեր 1
Մասնակիցներ 0
Главная » 2012 » Ապրիլ » 16 » Օգտակար է իմանալ
18:07
Օգտակար է իմանալ
Մեզանից շատերի համար դժվար է պատկերացնել օրվա սկիզբը՝ առանց մեկ բաժակ տաք սուրճի, որի տեսքն ու հատկապես՝ արբեցնող բույրն արդեն իսկ ստիպում են արթնանալ մի քանի հաճելի րոպեներ վայելելու ակնկալիքով: Եվ դա սուրճի հմայքներից միակը չէ. բոլորս էլ գիտենք, որ զրույցը շատ ավելի ջերմ ու մտերմիկ է դառնում, երբ մատուցվում է նորին մեծություն սուրճը... Հարց է ծագում՝ մի՞թե այդ ըմպելիքն ինչ-որ գերբնական հատկություններ ունի... Իսկ գուցե այն վտանգավո՞ր է մեր առողջության համար... Կամ էլ գուցե թմրեցնում է մեր ուղեղը եվ կախվածությու՞ն առաջացնում:

Եկեք պարզենք:

Կոֆեինի քիմիական կառուցվածքը

Կոֆեինի քիմիական անվանումն է երեքմեթիլքսանտին: Ջրի հետ միանալով՝ այն առաջացնում է կոֆեիդին՝ C7H12N4O:

Կոֆեինի անվանումը

Կոֆեինը ալկոլոիդ է, որն ունի թմրեցնող հատկություններ եվ պարունակվում է այնպիսի բույսերում, ինչպիսիք են սուրճի հատիկները (մինչեվ 2%), թեյի տերեվները (մինչեվ 4%), կոլայի ընկույզները (մինչեվ 6%), կակաոյի հատիկները (մինչեվ 4%) եվ այլն: Օգտագործվում է տարբեր ըմպելիքների (առավելապես՝ սուրճի) բաղադրության մեջ, եվ ունենում է խթանող ազդեցություն նյարդային համակարգի վրա:

Հետազոտություններ

Սուրճի մասին կարծիքներն ու տեսակետները միշտ շատ հակասական են եղել: Մարդու օրգանիզմի վրա սուրճի ազդեցության մասին առ այսօր իրականացվել են ավելի քան 19 հազար տարաբնույթ հետազոտություններ:

Օրինակ, Ստավրոպոլի բժշկական ակադեմիայի հետազոտողների պնդմամբ կոֆեինն ազդում է մարդկանց՝ ժամանակի վերջին հաշվարկման վրա: Գոյություն ունի «անհատական րոպե» (ԱՐ) հասկացություն, որը մարդու կողմից մտովի մինչեվ 60-ը հաշվելու համար պահանջվող ժամանակի տեվողությունն է: Այն հանդես է գալիս որպես մարդկանց հոգեբանական վիճակի ցուցանիշ: Եթե մարդը մտովի մինչեվ 60-ը հաշվում է, օրինակ, 50 վայրկյանում, ապա նրա ներքին ժամանակն ընթանում է ավելի արագ, քան իրական ժամանակը: Դա հաճախ կապում են նյարդային պրոցեսների արագացված ընթացքի, լարվածության կամ տագնապի վիճակում գտնվելու հանգամանքի հետ: Իսկ եթե, ընդհակառակն, մարդուն պահանջվում է 60 վայրկյանից ավել, որպեսզի նա կարողանա մտովի հաշվել մինչեվ 60-ը, ապա նրա ներքին ժամանակն ընթանում է իրականից ավելի դանդաղ: Նման մարդկանց մոտ հաճախ նկատվում է աշխատունակության անկում, դանդաղաշարժություն:

Այսպիսով, պարզվել է, որ մարդկանց մեծամասնության մոտ կոֆեինի ազդեցությամբ ներքին ժամանակի ընթացքն արագանում է: Իսկ այն մարդկանց մոտ, որոնք առանց սուրճի էլ ակտիվ եվ առույգ են, սուրճի օգտագործումը հանգեցրել է ներքին ժամանակի ընթացքի կտրուկ արագացման, այնպես որ նրանց խորհուրդ ենք տալիս խուսափել քնից առաջ սուրճ խմելուց:

Գիտնականները նաեվ բացահայտել են, որ կանայք ավելի զգայուն են կոֆեինի նկատմամբ, քան տղամարդիկ: Դրա պատճառն, ըստ նրանց, կանացի հորմոնների ազդեցությամբ օրգաններում կոֆեինի ավելի արագ տարածումն է:
 

Վերջին ժամանակներս նկատվել է նաեվ մեկ այլ հետաքրքիր միտում՝ կապված սուրճի օգտագործման հետեվանքների հետ: Պարզվում է, որ «սուրճի ընդմիջումը» աշխատանքային ժամերին բացասաբար է անդրադառնում աշխատողների, հատկապես՝ տղամարդկանց աշխատունակության վրա: Մասնավորապես, անձնական խնդիրներ ունեցող տղամարդկանց համար ավանդական սուրճի ընդմիջումը աշխատանքային օրվա ընթացքում կարող է վերածվել բումերանգի՝ խորացնելով արդեն իսկ առկա սթրեսը: Ընդհանրապես, Բրիստոլյան համալսարանի գիտնականների կողմից իրականացված հետազոտության արդյունքների համաձայն մեկ բաժակ սուրճը աշխատանքի ժամանակ իրականում ոչ թե թուլացնում է սթրեսը, ինչպես կարծում են շատերը, այլ առաջացնում է աշխատունակության անկում եվ դժվարություններ թիմային աշխատանքում: Միակ բացառությունն այս հարցում մաթեմատիկոսներն են: Հետազոտության արդյունքները վկայում են, որ սուրճն ամրապնդում է այն մարդկանց մտավոր ունակությունները, որոնք զբաղվում են հավասարումներով ու ալգորիթմերով:

Գիտնականների հիմնական մասի եզրահանգման համաձայն սուրճի չափավոր օգտագործումը (2-4 բաժակ օրվա ընթացքում) առողջության համար որեվէ վտանգ չի ներկայացնում:
 

Շարքային առողջ մարդու համար սուրճի դեմ ամենալուրջ փաստարկն այն է, որ վերջինս շատ արագ վերածվում է սովորության: 12-24 ժամ սուրճ չօգտագործելու դեպքում առաջանում են գլխացավեր, հոգնածություն, տրամադրության անկում, ապակենտրոնացում:

Վանդերբիլթի համալսարանի սուրճի հետազոտության կենտրոնի տվյալների համաձայն սուրճի կանոնավոր օգտագործումը փոքրացնում է մի շարք հիվանդությունների առաջացման հավանականությունը, ինչպիսիք են՝ Պարկինսոնի հիվանդությունը, ստամոքսի խոցը, լյարդի ցիռոզը, լեղաքարային հիվանդությունները: Բացի այդ, ծխող մարդիկ, որոնք մեծ քանակությամբ սուրճ են օգտագործում (օրական 6 բաժակ կամ ավելի), ավելի քիչ են ենթակա սրտանոթային հիվանդությունների եվ լյարդի խանգարումների: Չնայած դրան՝ նաեվ ապացուցված է, որ մի շարք սրտանոթային եվ երիկամային հիվանդությունների ժամանակ սուրճը հակացուցված է:

Սուրճի չափից ավելի օգտագործումը, որոշ հետազոտությունների համաձայն, կարող է հանգեցնել կանանց ոսկորների բարակեցման, իսկ թեթեվ հիպերտոնիա ունեցող տղամարդկանց մոտ 2-3 բաժակ սուրճը նշանակալիորեն նպաստում է ճնշման բարձրացմանը:

Կիրառությունը

Բժշկության մեջ սովորաբար կիրառվում է ոչ թե բնական, այլ սինթետիկ կոֆեինը: Այն հիմնականում օգտագործվում է կենտրոնական նյարդային համակարգի եվ սրտանոթային համակարգի ֆունկցիաների թուլացմամբ ուղեկցվող մի շարք վարակիչ եվ այլ հիվանդությունների, թմրանյութերով եվ այլ թույներով թունավորման, գլխուղեղի անոթների սպազմի ժամանակ՝ հոգեկան եվ ֆիզիկական աշխատունակության բարձրացման, քնկոտության վերացման նպատակով: Կոֆեինն օգտագործվում է նաեվ մանկական էնուրեզի ժամանակ:

Լոս-Անջելեսի Կալիֆոռնիական համալսարանի Հարբոր Բժշկական կենտրոնի դոկտոր Վինսենթ Տուբիոլոյի կողմից վերջերս նույնիսկ առաջադրվեց վարկած, որ օրական 400 մգ կոֆեինը կարող է իսպառ վերացնել ալերգիան:

Ինչպես կենտրոնական նյարդային համակարգի վրա խթանիչ ազդեցություն ունեցող մյուս միջոցները՝ կոֆեինը եվս հակացուցվում է չափից ավելի գրգռված վիճակում, անքնության, արտահայտված զարկերակային հիպերտենզիայի եվ աթերոսկլերոզի, սրտանոթային համակարգի օրգանական հիվանդությունների, գլաուկոմայի դեպքում, ինչպես նաեվ՝ ծերունական տարիքում:

Իրենց խթանող ազդեցության շնորհիվ կոֆեին պարունակող ըմպելիքներն օգտագործվում են բազմաթիվ մարդկանց կողմից՝ որպես առույգավնող, թարմացնող միջոց: Հատկապես մեծ քանակությամբ կոֆեին է պարունակում սուրճը, որը հիմնականում օգտագործվում է առավոտյան՝ քնից հետո արագ վերականգնվելու նպատակով:

Ազդեցությունը օրգանիզմի վրա

Սուրճի հիմնական կենսաբանորեն ակտիվ բաղադրիչը, որով էլ հենց պայմանավորված է մարդկանց կապվածությունը այդ ըմպելիքին, օրգանական ալկոլոիդ հանդիսացող կոֆեինն է: Մարդու օրգանիզմի վրա վերջինիս ազդեցության մեխանիզմը բավական հիմնավոր ուսումնասիրված է բազմաթիվ գիտնականների կողմից:

Մասնավորապես, կոֆեինի ազդեցությունը կենտրոնական նյարդային համակարգի վրա ուսումնասիրվել է դեռեվս Ի. Պ. Պավլովի եվ նրա գործընկերների կողմից, որոնք պարզել են, որ կոֆեինն ուժեղացնում եվ կարգավորում է գրգռման պրոցեսները գլխուղեղի կեղեվում: Փաստորեն, համապատասխան չափաբաժնով կոֆեինը ուժեղացնում է դրական պայմանական ռեֆլեքսները եվ բարձրացնում է շարժողական ակտիվությունը: Այն նպաստում է մտավոր եվ ֆիզիկական աշխատունակության աճին, հոգնածության եվ քնկոտության նվազեցմանը: Այնուամենայնիվ, պետք է հաշվի առնել, որ կոֆեինի չափից ավելի օգտագործումը կարող է հանգեցնել նյարդային բջիջների հյուծման:

Կոֆեինի խթանող ազդեցության նյարդա-քիմիական մեխանիզմում կարեվոր դեր է խաղում նրա՝ ուղեղի առանձնահատուկ (ադենոզինային) ռեցեպտորների ֆունկցիան կասեցնող հատկությունը: Ադենոզինը դիտարկվում է որպես ուղեղում գրգռման պրոցեսները նվազեցնող գործոն, այդ իսկ պատճառով դրա փոխարինումը կոֆեինով ունենում է հակառակ՝ խթանիչ, ազդեցություն: Սակայն կոֆեինի երկարատեվ օգտագործման դեպքում հնարավոր է, որ ուղեղի բջիջներում ձեվավորվեն նոր ադենոզինային ռեցեպտորներ, եվ այդ դեպքում կոֆեինի ազդեցությունը ուղեղի վրա հետզհետե կթուլանա: Միեվնույն ժամանակ, կոֆեինի օգտագործումը կտրուկ դադարեցնելու դեպքում ադենոզինը գրավում է բոլոր մատչելի ռեցեպտորները, ինչը կարող է առաջացնել կենտրոնական նյարդային համակարգի արգելակում՝ ընդհանուր հոգնածության, քնկոտության, նյարդային դեպրեսիայի եվ այլ նման երեվույթների դրսեվորմամբ:

Կոֆեինն ազդում է նաեվ մարդու վեգետատիվ համակարգի վրա. արդյունքում սրտի բաբախումների ուժգնությունն ու հաճախականությունը մեծանում են, ստամոքսահյութի արտադրությունն ավելանում է, շատանում է քրտնարտադրությունը, բարձրանում է մարմնի ջերմաստիճանը եվ այլն: Ի տարբերություն տարածված կարծիքի՝ կոֆեինի ազդեցությամբ զարկերակային ճնշման բարձրացում սովորաբար չի նկատվում, քանի որ անոթասեղմիչ գործոններից բացի այն նպաստում է նաեվ անոթների լայնացում առաջացնող գործոնների ակտիվությանը: Միեվնույն ժամանակ, կոֆեինն ունի զգալի միզամուղ հատկություն, որը նույնպես կասեցնում է զարկերակային ճնշման բարձրացումը:

Կոֆեին պարունակող ըմպելիքների օգտագործումից անմիջապես հետո սովորաբար բարելավվում է մարդու ինքնազգացողությունը, առաջանում է առույգության զգացում, ակտիվանում են մկանային պրոցեսները, եվ շարժունակությունը մեծանում է: Միանվագ օգտագործման դեպքում այն նպաստում է ուշադրության կենտրոնացմանը եվ մկանային ուժի դրսեվորմանը: Սակայն այս ամենին զուգահեռ՝ կոֆեինի ազդեցությամբ թուլանում է մարդու դիմադրողականությունը, մեծանում է թթվածնի պահանջը, իսկ դա արդեն անբարենպաստ ազդեցություն է ունենում սրտամկանի վրա:

Հետաքրքիր է, որ կոֆեինի օգտագործման դեպքում բարձր ջերմաստիճանին դիմանալու ունակությունը կտրուկ նվազում է, այնինչ ամրապնդվում է ցրտին դիմանալու ունակությունը: Դա պայմանավորված է օրգանիզմում նյութափոխանակության ինտենսիվության աճով:
 Եվ այսպես...

Կոֆեին պարունակող ըմպելիքների օգտագործումը հակացուցված չէ, սակայն դրանք պետք է օգտագործել չափի մեջ եվ ճիշտ ժամերին:

Ֆիզիկական եվ հոգեկան կախվածությունից խուսափելու համար խորհուրդ է տրվում սուրճը կամ կոֆեին պարունակող այլ ըմպելիքները օգտագործել սահմանափակ քանակությամբ: Ընդ որում, կոֆեինի չափաբաժինը պետք է որոշել՝ ելնելով անհատական առանձնահատկություններից, քանի որ այլ հոգեխթանիչ միջոցների նման կոֆեինի ազդեցությունը եվս մեծապես կախված է բարձրագույն նյարդային համակարգի տիպից:

Կոֆեին պարունակող ըմպելիքների օգտագործման համար առավել բարենպաստ են առավոտյան ժամերը: Այս դեպքում չեն խախտվում մարդու օրգանիզմի բիոռիթմերը, քանի որ կոֆեինի ազդեցությունը զուգակցվում է օրգանիզմի բնական ակտիվության հետ:

Խորհուրդ չի տրվում թեյը կամ սուրճը խմել ուտելու ընթացքում: Ընդհակառակն, այս ըմպելիքները պետք է խմել առանձին՝ ուտելուց առնվազն մեկ ժամ առաջ կամ հետո, քանի որ կոֆեինի ազդեցությամբ սննդի տեղաշարժումն աղեստամոքսային համակարգով արագանում է, որի հետեվանքով սնունդը երբեմն լրիվ չի մարսվում, եվ արդյունքում՝ աղիներում սննդի սպիտակուցային բաղադրիչները սկսում են նեխել, իսկ ածխաջրերը՝ թափառել:

Կոֆեին պարունակող բոլոր ըմպելիքները օրգանիզմից դուրս են մղում B1 վիտամինը: Այդ պատճառով սուրճ կամ թեյ պարբերաբար օգտագործողներին խորհուրդ է տրվում սննդի բաղադրության մեջ ներառել այնպիսի մթերքներ, որոնց մեջ պարունակվում է վերոնշյալ վիտամինը: Այդպիսիք են խմորիչը, հացը, ձվի դեղնուցը, ածիկը, ցորենի եվ բրնձի թեփը, ոլոռը եվ մյուս հատիկավորները, բանջարեղենը եվ այլն: Ավելի արդյունավետ կլինի B1 վիտամինի ընդունումը ֆոսֆոտիամինի տեսքով:
 

Հարկ է նշել նաեվ, որ կոֆեին պարունակող ըմպելիքների պարբերաբար օգտագործումը արագացնում է տարիքային հիվանդությունների զարգացումը: Դա է պատճառը, որ տարեցներին խորհուրդ է տրվում խուսափել նման ըմպելիքների օգտագործումից:
Просмотров: 1018 | Добавил: ARMREPUBLIC | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 0
Անուն *:
Email:
Կոդ *:
Բոլոր իրավունքները պաշտպանված են© 2024 | arminteresting.do.am` երբ ամեն բան հետաքրքիր է